Նոր կորոնավիրուսով և դրա հարուցած արտակարգ հանգամանքներով պայմանավորված՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող 12 գրադարանները սոցիալական ցանցերի («Ֆեյսբուք», «Ինստագրամ», «Թվիթեր», «Տելեգրամ») միջոցով մարտի 16-ից շուրջօրյա կապ են պահպանում ընթերցողների հետ: Գրադարանների տնօրենությունն ու աշխատակիցները տարատեսակ նախագծեր են իրականացնում տնից։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության կայքէջը՝ թվարկելով նախագծերը, որոնք այս օրերին գրադարանների տնօրենությունն ու աշխատակիցները իրականացրել են տնից։
Արդյունքը եղել է այն, որ գրադարանների միայն ֆեյսբուքյան էջերի հետևորդների թիվն ավելացել է 17 հազար 408-ով՝ դառնալով 57 հազար 652: Առցանց ծրագրերի 4864 հրապարակումներն ապահովել են 4 միլիոն 863 հազար դիտում:
Այսպիսին է փակ գրադարանների վիրտուալ անցուդարձը, բայց պարզից էլ պարզ է, որ հետին պլան է մղվում գրադարանի բուն գործառույթը՝ գիրք տալն ու առնելը, ինչն անհնար է ընթերցողների հետ կենդանի հաղորդակցման բացակայության պայմաններում։ Գրադարանային գործի մասնագետները նշում են, որ վերաբացվելուց հետո էլ պետք է ապահովել սահմանված անվտանգության կանոնները և գործարկել աշխատանքի նոր, կիսահեռահար մոդելներ՝ գրադարանավարի և ընթերցողների հետ կապ էլեկտրոնային փոստի միջոցով, բացօթյա տարածք, ընթերցասրահներում հեռավորության պահպանում և այլն։ Կիսահեռահար հնարավոր մոդելներին մանրամասն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ